ԱԺ պատգամավորները մեկնաբանել են Բելառուսի կողմից հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ Ազգային ժողովը պետք է իր դիրքորոշումը հայտնի տեղի ունեցածի վերաբերյալ: «Երեկ բոլորս տեսանք, թե ինչպես մեր բարեկամ Բելառուսը հայտնի բլոգերին անօրինական արտահանձնեց մեր հակառակորդ Ադրբեջանին: Սա մարդու ազատ խոսքի իրավունքի խախտում է, նրան մեղադրում են Արցախ այցելելու և իր մտքերը, տեսակետները հնչեցնելու համար: Մենք չպետք է բավարարվենք այստեղ կամ այնտեղ խոսելուց, Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է հայտնի»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:
Էդուարդ Շարմազանովը` որպես հայ- բելառուսական հանձնաժողովի համանախագահ, Բելառուսի այս քայլը որակեց խայտառակ, որը չի բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից. «Այս քայլը նաև Ռուսաստանի ու Հայաստանի դեմ է»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց այսօր ժամը 15:00-ին հավաքվել Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց` կոշտ դիրքորոշումը հայտնելու համար: «Սա իր քաղաքական նշանակությամբ հավասար է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մի քանի պատգամավորներ էլ պահանջեցին սառեցնել ՀԱՊԿ անդամակցությունը, հետ կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանին:
«Աննախադեպ լկտիություն է և ցինիզմ, այստեղ ամենամեծ անելիքն ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե իրեն համարում է արժանապատիվ պետություն, լավ կլինի, որ սառեցնենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, հետ կանչենք մեր դեսպանին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Հրանտ Բագրատյանը նույնպես հորդորեց կոնկրետ քայլերի դիմել, ոչ թե բոցաշունչ և հայրենասիրական ելույթներ ունենալ: Ինչ վերաբերում է Հայաստանի խորհրդարանի քայլերին, պատգամավորներն առաջարկեցին վեց խմբակցություններով դատապարտող տեքստ պատրաստել կամ ԱԺ նախագահը հանձնարարի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ի մի բերել բոլոր կարծիքներն ու դատապարտող հայտարարություն տարածել:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, կարծում է` չպետք է հապշտապ որոշումներ կայացնել. «Ավելի լուրջ մտայնություններ են պետք և դա էդպես սովորական խնդիր չէ, և առաջիկայում որոշակի ուղերձներ կլինեն այդ ուղղությամբ»: